Մերձավորին մի՛ դատիր

Մերձավորին մի՛ դատիր

Ավետարանն ասում է. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս քո եղբորն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.1-5):

Մեր մերձավորներին չդատելը մեր քրիստոնեական կյանքի ամենից կարևոր պատվիրաններից մեկն է: Սակայն ցավալի է, բայց փաստ, որ այսօր մեզնից քչերն են հետևում այս պատգամին:

Մենք առանց խղճի խայթի դատապարտում ենք դիմացինի մեղքերը՝ անգամ չգիտակցելով, որ դիմացինին իր մեղքերի համար քարկոծելով, գործում ենք նրանից էլ առավել մեծ մեղք:

Դիմացինին դատապարտելու պատճառները կարող են լինել բազում: Հաճախ մենք դատապարտում ենք, քանզի յուրաքանչյուր երևույթ դիտարկում ենք մակերեսորեն: Հաճախ էլ դատապարտում ենք միայն նրա համար, որ դիմացինի արարքներն ու մոտեցումներն ընդամենը չեն համապատասխանում մեր աշխարհընկալմանը, և նա պարզապես մեզ նման չի մտածում: Իսկ որ ամենավատն է, մենք հաճախ դատապարտում ենք դիմացինին սեփական մեղքերը արդարացնելու, և մեզ նրանից ավելի լավը ներկայացնելու համար:

Սրանք այն «պատճառներն» են, որոնց հիմքով մեզ իրավունք ենք վերապահում դատապարտել մեր մերձավորներին: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու մենք իրավունք չունենք դատապարտելու մեր մերձավորներին:

Մերձավորներին չդատելու բարոյական արգելքն այն է, որ մենք պարզապես չենք ապրել նրա կյանքը, չենք զգացել այն, ինչ նա է զգացել, չենք տեսել նրա տառապանքը, և եթե նույնիսկ նրա արարքները մեր աչքում թվում են սոսկալի և հակամարդկային, ապա մենք չենք եղել նրա տեղում, և չգիտենք, թե ինքներս ինչպես կվարվեինք այդ իրավիճակում: Միգուցե էլ ավելի վա՞տ …

Արմեն Չաքմիշյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում