Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ

Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ

Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի (Մտթ. 12:7):

Աստվածասեր սիրելի եղբայրներ և քույրեր,

Օսեե մարգարեի գրքից (6:6) այս մեջբերումը փարիսեցիները վստահաբար շատ լավ գիտեին, քանի որ Օրենքի փայլուն գիտակներ էին և Քրիստոսին էլ այս փաստը քաջ հայտնի էր, բայց այնուամենայնիվ Նրա նախատինքը խոսում է հակառակի մասին: Ինչո՞ւ: Ճիշտ նույն պատճառով, որով մենք ենք տեսնող մարդուն ասում. «Եթե կույր չլինեիր, ապա կտեսնեիր, թե շուրջդ ինչ է կատարվում», կամ «Եթե սիրտ ունենայիր՝ նման կերպով չէիր վարվի» և այլն: Այսինքն՝ երբ բացահայտ կերպով անտեսվում կամ ժխտվում է իրականությունը, որը չի տեղավորվում ո՛չ տրամաբանության, ո՛չ բարոյականության և ընդհանրապես՝ մարդկայինի սահմաններում, ապա արդարացիորեն սկսում ես կասկածել անգամ ամենաակնառուի գոյությանը կամ իրական լինելուն:

Զօր ու գիշեր «անգամ գլուխը դնելու տեղ չունեցող» Քրիստոսին հետևող աշակերտները հոգնել ու սովել էին և շաբաթ օրը արտերով անցնելիս՝ ցորեն էին քաղել: Նրանց ամեն քայլափոխի ուշի-ուշով հետևող և ժողովրդական խոսքով՝ «ձվի մեջ մազ փնտրող» փարիսեցիներն էլ առիթը բաց չէին թողել նրանց մեղադրելու շաբաթը սուրբ պահելու օրենքը խախտելու մեջ, որն, ի դեպ, լուրջ մեղադրանք էր հրեաների համար: Եվ ահա մարդասեր Քրիստոս նրանց հիշեցնում է առաջավորության հացը ուտող Դավիթ մարգարեի օրինակը, որին մեղադրել ոչ մեկի մտքով երբեք չէր անցել, և ասելով՝ «Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի», իրավացիորեն արդարացնում է Իր աշակերտներին և մեղադրանքի սլաքն ուղղում է հենց մեղադրողների կողմը:

Ավետարանական այս հատվածը, սիրելի՛ հավատացյալներ, որ միգուցե առաջին հայացքից այնքան էլ կարևոր ու նշանակալից չի թվում, իրականում բացահայտում է այն շատ նուրբ, բայց անչափ կարևոր սահմանագիծը, որ կա առերևույթի ու խորքայինի, արտաքին ծեսի ու ներքին բովանդակության, տառակերության ու խղճի թելադրանքի միջև, որը Քրիստոսի ճշմարիտ հետևորդին տարբերակում է մերօրյա «փարիսեցուց»: Քրիստոս մարդուց ողորմածություն է ակնկալում, ինչպես որ Երկանավոր Հայրն է ողորմած (տես Ղուկ. 6:36), իսկ ողորմածության հիմքում սերն է, որից այն ծնունդ է առնում և անընդհատ սնվում: Հենց սա էր ակնարկում Քրիստոս՝ մարգարեի հայտնի խոսքը փարիսեցիներին ուղղելով: Վերջիններս գրագետ էին, աշխատասեր, օրինապահ, պահք էին պահում, տասանորդ վճարում, խստորեն հետևում օրենքի կատարմանը, սակայն այդ ամենով հանդերձ Քրիստոսից արժանացան միայն «օձեր և իժերի ծնունդներ» գնահատականին, քանի որ սիրո բացակայությունը թույնով էր լցրել նրանց սիրտն ու միտքը, ուստի և անսահման հեռացրել ճշմարտ Աստծուց, որ Սեր է:

Երբ Քրիստոսին հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, Նա չասաց, թե պետք է քառասուն օր ծոմ պահել, կամ տասը ժամ ծնկաչոք աղոթել, կամ ոտաբոբիկ հարյուր կիլոմետր քայլել որևէ սրբատեղի հասնելու համար, ո՛չ: Նա ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մտթ. 22:36-40): Ընդամենը՝ սիրի՛ր: Թվում է, թե անհնար է ավելի հեշտ ու հաճելի պատվիրան գտնել, քան սա է, բայց արի ու տես, որ երբ փորձում ենք այս պատվիրանը կյանքում գործադրել, հասկանում ենք, որ ամենևին էլ դյուրին բան չէ քեզ նմանին սիրելը, հատկապես, երբ նա այնքան էլ հակված չէ քեզ փոխադարձելու… Եվ դրանում համոզվում ենք ամեն օր, ամեն քայլափոխի: Անգամ մի հին քարոզ եմ հիշում, որն սկսվում էր հետևյալ խոստովանությամբ. «Տե՛ր Աստված, ի՜նչ դժվար է մարդկանց սիրելը…»

Այո, չափազանց դժվար է սիրել, երբ տեսնում ես դիմացինիդ տկարությունները, սխալները, թերությունները և չունես, չես գտնում մի բան, որով կկարողանաս դրանք ծածկել: Դժվար է սիրել, երբ քեզ չեն սիրում, երբ քեզ վիրավորում են, արհամարհում, չարախոսում, վնասում: Շատ ավելի դյուրին է չարին չարով պատասխանելը, թշնամանալը: Իսկ ավելի դյուրին է չարի ամենախորամանկ ու կորստաբեր գործիքը՝ անտարբերությունը, կույր ու խուլ ձևանալը, գոլ վիճակը նախընտրելը: Ոչ մեկի չեմ ատում, բայց և չեմ սիրում: Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև ԵՍ բարձր եմ ձեզանից, վեր եմ այդ ամենից, ԵՍ միայն ինձ, իմ հարմարավետությունն ու իմ սեփական կաշին եմ սիրում: Եվ որքան էլ այս ամենը փորձես քողարկել ծեսով, պահքով, ընթերցանությամբ, օրինապահությամբ և այլնով, կամ փորձես դրանցով համեմել գոլ սրտի դառնությունը, միևնույն է, ոչ մի արժեք չես ունենա Իր անձը քեզ համար տված Քրիստոսի առջև, որովհետև սեր չունես (հմմտ. Ա Կորնթ. 13:1-3): Իսկ ողորմածությունը կամ գթասրտությունը ընձյուղված են կարեկից սիրուն: Չի կարող աստվածահաճո ողորմածություն լինել այնտեղ, որտեղ չկա սրտացավություն և սեր: Կարո՞ղ ես ասել, թե սիրում ես մարդուն, և միևնույն ժամանակ անտարբերություն դրսևորել, երբ նա սոված է, հիվանդ կամ մեկ այլ նեղության մեջ է գտնվում: Կարո՞ղ ես ասել, թե սիրում ես մարդուն, երբ տեսնում ես, որ նա քո օգնության կարիքն ունի կամ նրա գլխին վտանգ է կախված և չես շտապում օգնության: Կամ տեսնում ես, որ ստում ու մոլորեցնում են նրան, շեղում ճշմարիտ ուղուց և չես շտապում կեղծիքը բացահայտելու ու ճշմարտությունն ասելու: Կարո՞ղ ես ասել, թե սիրում ես և գործով չապացուցել դա: Չէ՞ որ «սիրել»-ը բայ է և հետևաբար գործողություն է ենթադրում:

Փարիսեցիներն իրենց առջև տեսնում էին շաբաթը խախտող օրինազանցների, փոխարենը՝ քաղցածների տեսնելու: Նրանք մարդուն զոհաբերել էին ծեսին՝ մոռանալով բուն էությունը, այն, թե շաբաթը պահելու պատվիրանն ինչ նպատակով էր տրվել: Իսկ Աստված պատվիրեց շաբաթվա վեց օրն աշխատել և մեկ օրը հանգստանալ, որպեսզի գոնե այդ օրը մարդ կտրվի ու խաղաղվի աշխարհի մտահոգություններից և դառնա իր էությանը, իր գոյության իմաստին: Արարչի հետ հոգևոր կապի մեջ գտնվելով՝ կարողանա անկեղծ ինքնաքննություն կատարել, վերլուծել գործած սխալները, հայտնաբերել, թե որտեղ է թերացել և զղջալով՝ լծվել այդ ամենի շտկմանը առաջին հերթին աղոթքով և ողորմության գործերով: Իսկ ողորմությունը կամ ողորմածությունը, սիրելինե՛ր, ինչպես հոգևոր հայրերն են սովորեցնում՝ լինում է ոչ միայն նյութական, այլև՝ հոգևոր: Եվ որքան այս վերջինն արժեքավոր է հոգու փրկության տեսանկյունից, այնքան մենք թերանում ենք դրանում՝ առաջնային համարելով նյութականը: Սակայն այս երկուսն անբաժանելի են սիրելինե՛ր, քանի որ որքան նյութական ողորմությունն է անհրաժեշտ մարմնի ապրելու համար, այնքան էլ հոգևորը՝ հոգու փրկության: Եվ եթե քիչ թե շատ գիտենք նյությական ողորմության մասին, ապա ո՞րն է հոգևորը: Հայրերը սովորեցնում են, որ հոգևոր ողորմածության օրինակ է մոլորվածին բարի խրատով դարձի ճանապարհին ուղղորդելը, անհավատին բարեսրտությամբ ու համբերատարությամբ ճշմարտությունը վկայելը, վշտակրի ցավը կիսելն ու մխիթարելը, վտանգավոր իրավիճակում հայտնված մերձավորին զգուշացնելն ու խորհրդով օգնելը, չարին չարությամբ չհակադարձելը, ներել կարողանալը և այլն: Իսկ ողորմած գտնվելու և ողորմածություն դրսևորելու պակաս մեր կյանքում չի լինում, սիրելի՛ հավատացյալներ, միայն թե մենք խստասիրտ «արդարներ» կամ անտարբեր ծիսապաշտներ չլինենք՝ արտաքին երևույթը մարդուց վեր դասելով: Քանի որ դրանով, ինչպես կրկին հայրերն են սովորեցնում, ասես Աստծուն ասելիս լինենք՝ գնա՛, հետո կգաս, ուստի և այդկերպ ոչ միայն կզրկվենք բարի պտուղներից, այլև անարգալից վերաբերմունք կդրսևորենք բարիքների Պարգևատուի հանդեպ: Քանի որ մեր աջակցության կարիքն ունեցողը ոչ թե Աստծու, այլ հենց մեզ համար է հայտնվում մեր ճանապարհին և «ձեռքը մեկնում է, որպեսզի Աստծու Արքայությունը տա մեզ: Եվ մեր մեծագույն սխալն այն է, որ ամենափոքրը, ամենաքիչն ենք տալիս նրան՝ այդպիսով մեծ սխալ գործելով: Քանի որ քոնն է ոչ թե այն, ինչ ունես, այլ այն, ինչ տալիս ես…»

Մենք խստասիրտ լինելու, անտարբեր լինելու իրավունք չունենք, սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այլապես փարիսեցիներ կկոչվենք և ոչ՝ քրիստոնյաներ: Մենք իրավունք չունենք արհամարհելու, դատելու դժվարության մեջ հայտնվածին, քանի որ յուրաքանչյուրին իր ուժերի չափով է խաչը տրվում, և մենք երբևէ չենք կարող վստահ լինել՝ արդյո՞ք կկարողանայինք այդ վիշտը կրել, եթե նրանց փոխարեն լինեինք: Ուստի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսից սովորենք սիրել և ողորմած լինել, ինչպես որ Նա անտարբեր չգտնվեց մարդկային և ոչ մի ցավի հանդեպ, չմերժեց Իրեն հավատով դիմած և ոչ մեկի, այլ բժշկեց, կերակրեց, մխիթարեց, խրատեց, մեռյալներից հարություն տվեց և ի լրումն այս ամենի՝ Իր անգին կյանքը զոհեց յուրաքանչյուրիս փրկության համար: Առաքյալներն էլ հոգնեցին, սոված մնացին, չհասկացվեցին, հալածվեցին, սակայն չհրաժարվեցին այն ճանապարհից, որ Տերն է Իր արարչագործ մատով ուղենշել Իր բոլոր հավատարիմների համար: Եվ այս ամենը ի մի բերելով՝ թող ձեզնից յուրաքանչյուրը հիշի, սիրելի՛ հավատացյալներ, որ հենց ինքը Աստծու անսահման ողորմության ու ներողամտության կարիքն ունեցող մեղավոր մեկ է, ուստի շտապի ողորմություն և գթասրտություն դրսևորելու իր նմանի հանդեպ, որպեսզի Ահեղ Դատաստանի օրը ինքն էլ չհայտնվի փարիսեցիների կողքին և լսի Տիրոջ հանդիմանությունը. «Ողորմություն էի կամենում ձեզանից և ոչ՝ զոհ». ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում