Այնթապի ազգային հայկանուշյան վարժարան

Այնթապի ազգային հայկանուշյան վարժարան

1877 թ. այնթապահայերի Թաղական խորհուրդը Նիկողոս աղայի գլխավորությամբ նախկին Կիլիկիո գիշերօթիկ վարժարանի տեղում հիմնեց նոր իգական վարժարան: Այն կոչվեց «Ազգային Հայկանուշյան» և դարձավ տեղի հայության կողմից հիմնված առաջին իգական կրթական հաստատությունը: Վարժարանի հանդիսավոր բացումը` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Մկրտիչ Ա Քեֆսիզյանի օրհնությամբ՝ տեղի է ունեցել 1878 թ. մարտի 1-ին:

Վարժարանի առաջին տեսուչը եղել է Արմենակ վարժապետ Բաղդասարյանը` պաշտոնավարելով մինչև 1885 թ.: 1901-1915 թթ. ընթացքում վարժարանի տնօրինությունը ստանձնել է վերջինիս շրջանավարտ, 1892-1896 թթ. Կոստանդնուպոլսի «Դպրոցասիրաց ընկերության» վարժուհիանոցում վերապատրաստված Մարիամ Ալաճաճյանը` հայտնի նաև «Մարիամ վարժուհի» անվամբ: Առաջին ուսուցիչները եղել են Հակոբջան Գյովշենյանն ու Հոռոմ Իսկենտերյանը, եղել են նաև հրավիրյալ ուսուցիչներ` Եղսա վարժուհի, Հռիփսիմե Միսիրյան, Մարիամ Պաղտոյան, Հռիփսիմե Բաղդասարյան:

Հիմնադրման պահին վարժարանն ունեցել է 120 սան` գործելով որպես «ծաղկոց», սակայն շուտով աշակերտուհիների թիվն աճել է` հասնելով 500-ի, իսկ «ծաղկոցը» վերածվել է վեցամյա ամբողջական ծրագրով բարձրագույն նախակրթարանի: Դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար), օսմաներեն և անգլերեն լեզուներ, կրոնի պատմություն, հայոց, օսմանյան և ընդհանուր պատմություններ, աշխարհագրություն, բնական գիտություններ, առտնին տնտեսություն, գծագրություն, գեղագրություն, երաժշտություն, ձեռագործ և այլ առարկաներ:

1882 թ. վարժարանը տվել է իր առաջին շրջանավարտները: Վերջիններիս ջանքերով, ինչպես նաև տնօրեն Արմենակ Բաղդասարյանի և Տեր Եղիշե քահանա Քիլիսյանի աջակցությամբ հիմնվել է «Հռիփսիմյաց պարզասիրաց ընկերություն»-ը, որը շուրջ 10 տարի` մինչև 1892 թ., միջոցներ է հայթայթել` ամեն կերպ փորձելով օժանդակել վարժարանի գործունեությանը՝ միաժամանակ իրականացնելով լուսավորչական-դաստիարակչական գործունեություն:

1915 թ. հայերի տեղահանությունից հետո Ազգային Հայկանուշյան վարժարանը դադարեց գործել:

1918 թ. հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915 թ. քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 000) և սեբաստահայ գաղթականները (շուրջ 8000)։ Այնթապահայությունը՝ Ազգային միության նախագահ Տեր Ներսես ավագ քահանա Թավուգճյանի նախաձեռնությամբ փորձեց վերականգնել ընդհատված ազգային-մշակութային կյանքը, այդ թվում նաև Ազգային Հայկանուշյան վարժարանի գործունեությունը: Հատուկ աշխատանքներ տարվեցին վարժարանների վերաբացման և ուսումնական ծրագրերի մշակման ուղղությամբ: 1919 թ., սակայն, ազգայնական-քեմալական նոր շարժման ծավալումը լիովին խաթարեց վերսկսված գործը:

1921 թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում ստորագրված ֆրանս-թուրքական համաձայնագրով Կիլիկիան (բացառությամբ՝ Ալեքսանդրետի սանջակի) անցավ Թուրքիային, ինչի հետևանքով տարհանվող ֆրանսիական զորքերի հետ քաղաքը ստիպված լքեց նաև հայ բնակչությունը: Այնթապը վերջնականապես հայաթափվեց։

Պատրաստեց՝

Սեդա ՊԱՐՍԱՄՅԱՆԸ

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում