Լա Ռոշելի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են հայկական «Կանանց գյուղը» և «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը

Լա Ռոշելի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են հայկական «Կանանց գյուղը» և «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը

Լա Ռոշելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի և ֆրանսիական «La Huit Production» ընկերության համատեղ արտադրության «Կանանց գյուղը» (ռեժիսոր Թամարա Ստեփանյան) և «Վախենալու ոչինչ չկա» (ռեժիսոր Սիլվա Խնկանոսյան) վավերագրական ֆիլմերը: Այս մասին հայտնում են «Հայկ» կինոստուդիայից։

Հիշեցնենք, որ Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմը ճանաչվել է որպես Բոստոնի Global Cinema Film Festival-ի լավագույն ֆիլմ, իսկ La Scam 2020-ի շրջանակներում ստացել է կազմակերպության կողմից շնորհված 30 աստղերից մեկը:

Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ․ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է.

««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:

Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։

Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում»։

Երիտասարդ ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի վավերագարական ֆիլմի հերոսները «The HALO Trust» կազմակերպությունում աշխատող կանայք են։

«Ականազերծող այդ կանայք հեշտությամբ դարձան վավերագրական կինոյի հերոսներ, հեշտությամբ մասնակցեցին նկարահանումներին, որովհետև մինչ այդ ես ապրել եմ նրանց հետ, բավական երկար շփվել, հարցազրույցներ արել, տեղեկացել ընտանիքների մասին և այլն: Այդ ամենն, իհարկե, ֆիլմում չկա, որովհետև ընթացքում հասկացա՝ ֆիլմի համար պետք է նրանց աշխատանքի ցուցադրումը, որովհետև հենց դա էր ինձ հետաքրքիր: Եվ ինչպես հետագայում պարզվեց, ոչ միայն ինձ: Առ այսօր ես պահում եմ կապն այդ կանանց հետ, անպայման տեղեկացնում ֆիլմի հաջողությունների մասին: Եվ նրանք ամեն անգամ զարմանում են՝ ինչու է, ասենք, գերմանացիներին, հետաքրքրում իրենց մասին ֆիլմը: Ես գտել եմ այդ հարցի պատասխանը: Հայերիս համար մեծամասամբ զարմանալի չէ, երբ կինը պատերազմ է մեկնում կամ տղամարդուն բնորոշ աշխատանք անում, իսկ Եվրոպայում դա տարօրինակ է: Նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ են ականազերծման այդ վտանգավոր աշխատանքները կատարում կանայք և ոչ թե, ասենք, ռոբոտները: Հիմնականում հետաքրքրվում են այն երկրները, որոնք չեն ունեցել պատերազմներ: Նրանց համար սա նորություն է, ինչն էլ հենց գրավում է:

Եվ իրապես այդ կանանց ամենօրյա աշխատանքը շատ ծանր է թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես: Բայց նրանք շարունակում են մնալ կանացի, որովհետև, վերջիվերջո, կին են ու մայր: Ընթացքում նաև հասկացա, որ ականազերծող կանայք, որքան էլ ուժեղ են աշխատանքի մեջ, ունեն մի թույլ կողմ. կարոտում են իրենց երեխաներին: Արդյունքում գիտակցում ես՝ ֆիլմի հաջողությունը պայմանավորված է ճիշտ ընտրված հերոսներով»,- kinoashkharh.am-ի հետ զրույցում ասել է Սիլվա Խնկանոսյանը։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում