Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան

Տիգրանակերտի դեպքում ադրբեջանցիները չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն. Համլետ Պետրոսյան

Ադրբեջանցիները փորձում են ներկայացնել ու բոլոր լրատվականներով տարածում են, թե հայերը փորձել են հայկականացնել Փանահի կառուցած Շահբուլաղ ամրոցն ու դրա համար էլ ստեղծել են Տիգրանակերտի առասպելը, հայկական Տիգրանակերտը: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը կատարյալ հիմարություն է որակում ադրբեջանական այս փորձերը:

«Բուն Տիգրանակետն իրենք լավ չեն հասկանում, նույնիսկ երևի բարդություն ունեն ներկայացնելու՝ թե ինչ ասեն: Տիգրանակերտի դեպքում իրենք չգիտեն՝ մեզ ինչի մեջ մեղադրեն: Առայժմ իրենք հստակ որևէ մոտեցում չեն ասում, ամենավերջինը՝ աղվանական Տիգրանակերտ: Ի՞նչ է նշանակում Տիգրանակերտ, եթե աղվանական է, եթե աղվանական է, ինչո՞ւ Տիգրանակերտ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը:

Հնագետն ընդգծեց՝ հասարակ բան կա. Տիգրանակերտը կառուցված է փոքրասիական հելլենիստական ամրաշինական ամենակատարյալ չափանիշներով. «Այն չէր կարող կառուցել Արցախում, Աղվանքում ծնված մեկը, կարող էր կառուցել իմպերատորը, որն ի վիճակի էր մոբիլիզացնել փոքրասիական ճարտարապետական միտքը: Այդ հարցին ո՞նց պետք է պատասխանեն»:

Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավարը նշեց, որ իրենք այնպիսի գյուտ են արել, որ այդքան էլ հեշտ չէ արհամարհելը, ասեն սուտ է կամ քարերը կրում, բերում ու այդտեղ են դնում: Այնտեղ հաշվել են մինչև մեկուկես տոննա քաշով 1700-ից ավելի քար.«Ո՞նց կարելի է բերել, դնել այդ քարը»:

Համլետ Պետրոսյանն ասաց, որ հետևում են ադրբեջանական հրապարակումներին, քայլերին Տիգրանակերտի հետ կապված, հիմա այդ ամեն ինչը թշնամու ձեռքում է, իսկ իրենք՝ «այսպես խեղճուկրակ, գլուխներս կախ», իր կյանքի ամբողջ գործն է եղել:

Արշավախմբի ղեկավարի խոսքով, ինքն ու իր թիմն ամեն ինչ արել են, որ այս օրը չգա:

«Եթե մեր հասարակությունը, պատասխանատուները մեր նման ջանքեր գործադրեին, այս օրը չէինք ընկնի»,- համոզմունք հայտնեց հնագետը:

Նա ասաց, որ առայժմ որևէ տեղեկություն Տիգրանակերտում որևէ աշխատանքի մասին, բացի նրանից, որ այցելում են ամրոց, հայերին մեղադրում են, որևէ այլ բան նույնիսկ ադրբեջանական ցանցերով չկա: Համլետ Պետրոսյանին թվում է, որ կլինեն աշխատանքներ ու այդ մասին հայ հանրությանը հայտնի կդառնա:

Համլետ Պետրոսյանն ու արշավախումբը 16 տարի Տիգրանակերտի հնագիտական հուշարձանում պեղումներ է իրականացրել: Նրա գնահատմամբ, այն հայկականության ամենավաղ և ամենահավաստի վկայությունն է այդ տարածքում։ 2019 թվականի պեղումներից ու բացահայտումներից հետո Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր. «Տիգրանակերտը, ըստ էության, երևան է բերում շատ հզոր քաղաքի մի պատկեր, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջերը»։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում