Տաճարն Աստծու տունն է

Տաճարն Աստծու տունն է

– Հա՛յր, շատերը կարծում են, որ պարտադիր չէ եկեղեցի հաճախել:

– Մարդիկ չեն ձգտում հասնելու բուն էությանը, կտրում են լարը, Աստծու հետ կապը, իսկ հետո արդեն այլևս ոչ մի տեղից օգնություն չեն ստանում: Ցավոք, քրիստոնյաների մեծ մասը չի մասնակցում խորհուրդներին, այդ պատճառով էլ գոյություն ունի դիվական ազդեցությունը:

Ես միշտ աշխարհականներին ասում եմ, որպեսզի եկեղեցի հաճախեն, քանի որ այնտեղ սրբագործվում են: Անգամ այն միտքը, որ Աստծու տաճար մտնելով՝ Աստծու տուն ես մտնում և այնտեղ ստանում աստվածային շնորհն ու սրբագործվում ես, բավարար է, որպեսզի մարդու սիրտը շարժվի: Տաճարում մեզ են նայում Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը, մենք նրանց օգնությունն ենք հայցում, կարող ենք ուղղակի խոսել նրանց հետ: Մենք այնտեղ Խորհուրդները վերապրելու հնարավորություն ունենք: Այնտեղ Քրիստոս պատարագվում է մեզ համար և Իր Մարմինն ու Արյունը տալիս է մեզ: Մի՞թե դա չպետք է խանդաղատանքով լցնի մեր սիրտը:

– Հա՛յր, ես այժմ եկեղեցի չեմ գնում հիվանդությանս պատճառով և կարոտում եմ պատարագները:

– Այժմ դու պետք է մի փոքր համբերես: Երբ ես ծառայում էի բանակում, և մենք մասնակցում էինք լեռներում մի գործողության, յոթ ամիս եկեղեցու երես չտեսա: Մի անգամ ինձ ուղարկեցին Նավպատկոս՝ շարժական ռադիոկապը վերանորոգելու, և ես պետք է իսկույն վերադառնայի: Արեցի ինչ անհրաժեշտ էր և վերադառնալիս կանգ առա ճամփեզրին գտնվող եկեղեցու մոտ: Մեծ Պահքն էր և ներսում կանոնն էին երգում: Ներս մտնել չէի կարող. ռադիոկապը մոտս էր, ժամանակ էլ չունեի: Միայն հինգ րոպե կանգնեցի դռան մոտ: Այնպես սրտնեղեցի, որ սկսեցի երեխայի պես լաց լինել: «Տե՛ր Աստված,- տրտնջում էի ես,- այս ո՜ւր եմ հասել: Դեռ մանկուց դպիրներից շուտ էի եկեղեցի գնում: Իսկ հիմա արդեն յոթ ամիս է եկեղեցու երես չեմ տեսել»:

– Հա՛յր, երբ հյուրատանը հնազանդությունն ավարտելուց հետո ուղիղ եկեղեցի եմ գնում, չեմ կարողանում կենտրոնանալ:

– Հյուրատնից գնում ես եկեղեցի: Եկեղեցուց Երկինք գնա, իսկ հետո ավելի հեռուն՝ Աստծու մոտ:

– Ինչպե՞ս դա անեմ, Աստծու փառքի մասին մտածելո՞վ:

– Տաճարն Աստծու տունն է այստեղ՝ երկրի վրա: Բայց Աստծու իսկական տունը դրախտում է, ինչպես և մեր իսկական տունն է դրախտում:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Ացբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում