Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը

Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային համերգաշարի շրջանակում կհնչեն Ֆրանց Շուբերտի գործերը

«Տետ-ա-տետ» կամերային համերգաշարի շրջանակում, որը հանդիսատեսին հնարավորություն է տալիս երաժշտություն ունկնդրել հենց բեմում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կկատարեն ականավոր կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները:

Երեկոն տեղի կունենա հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչի Շուբերտի Օկտետ Ֆա մաժոր, D803-ը:

Ելույթ կունենան ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը, Կարմեն Թոսունյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Միքայել Նավասարդյանը, կոնտրաբաս կնվագի Կարեն Խաչատրյանը, կլարնետ՝ Ավետիք Ղազարյանը, ֆագոտ՝ Շմավոն Գրիգորյանը, իսկ գալարափող՝
Արշավիր Իսահակյանը:

Մինչ Շուբերտին անդրադառնալը Ֆիլհարմոնիկի երաժիշտները «Տետ-ա-տետ» համերգաշարի ընթացքում ներկայացրել էին Վիվալդիի և Բախի անզուգական գործերը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը նաև համերգի գաղափարի համահեղինակներից է, նշել էր, որ երեկոյին կարող է մասնակցել շուրջ 150 երաժշտասեր:

Նա ընդգծել էր, որ դեմ առ դեմ ձևաչափով առաջին անգամ են հանդես գալիս, համավարակից, պատերազմից հետո մեծ եռանդով, ոգևորությամբ են վերադառնում բեմ, փորձում են առավել հետաքրքիր նախաձեռնություններով ներկայանալ, առավել ակտիվ լինել, ետ չնայել ու շարունակել առաջ գնալ՝ զարգացնելով մշակութային կյանքը Հայաստանում:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում