Հովհաննես Գառնեցու մասին

Հովհաննես Գառնեցու մասին

Սա մի առաքինի մարդ էր, վարքով՝ զարմանալի, Աստծու պատվիրանները կատարող, Քրիստոսի լուծը կրող, պատանեկությունից արժանացավ կուսակրոն քահանայական աստիճանի. անունը Հովհաննես էր, Գառնի քաղաքագյուղից, ուր գտնվում է Տրդատի հրաշալի սարավույթը, Այրիվանքի սուրբ միաբանությունից: Սա մանկության հասակից արհամարհեց կյանքի ամեն ինչքը, լքեց հարազատներին ու տունը, բնակվում էր ամայի տեղերում, սիրում էր առանձին լինել և անդադար խոսել Աստծու հետ՝ իրեն տալով տեսակ-տեսակ ճգնությունների, պասերի, գետնատարած ու պառկած աղոթքների և անդադար տեղից տեղ շրջելով ու պատահածներին լուսավորելով:

Նրան տրվեց նաև բժշկության շնորհք, որովհետև ձեռքը դնելով ու աղոթելով բազմաթիվ ախտաժետների բժշկում էր: Նրանից խնդրում էին նաև իրենց անձերի պահպանման համար թուղթ՝ թալիսման, իսկ նա անմիջապես տալիս էր բոլոր խնդրողներին: Եվ այս անում էին ոչ միայն հավատացյալները, այլև բազմաթիվ անհավատները: Նա գրում էր Սուրբ Երրորդության Անունը և աղոթքի խորհրդավոր խոսքեր ու տալիս էր նրանց: Իսկ նրանք հավատով առնում և կապում էին իրենց վրա:

Սրա մասին շատերը շատ բաներ էին պատմում, բայց շատ ավելի պատմում էր մեր հարազատ ու սքանչելի Վարդան վարդապետը, որի խոսքերը արժանի են վստահության, արժանահավատ են, որովհետև նրանք սիրով կապված էին միմյանց հետ: Որովհետև մենք հեռավորության պատճառով նրան չտեսանք, նա իբրև մխիթարություն՝ մեզ նրա կյանքից որոշ բաներ պատմեց մասնավոր կերպով. ասաց, թե «Ինքը Հովհաննեսն հենց մեզ պատմեց, թե ես գնացի սուրբ քաղաք Երուսաղեմ՝ երկրպագելու փրկչական վայրերին, այնտեղ որոշ օրեր մնացի՝ իջևանելով սուրբ Հակոբում: Մի գիշեր կանխեցի ազդարարության ժամը հնչելը, որ բոլորին զարթնեցնում էր աղոթքի, և մինչդեռ ես աղոթում էի սուրբ եկեղեցում, սուրբ Հակոբի առաջնորդ վարդապետը կանչեց ինձ և ասաց. «Եկ մի, զարմանալի բաներ լսիր, որ պատմում է իմ ամենակրտսեր քահանան»: Երբ գնացի նրա մոտ,կանչեց քահանային, որ զարմանալի երազ էր տեսել, և ասաց. «Այժմ ասա, ինչ որ ինձ նախօրոք պատմեցիր, որ սա ևս լսի»: Քահանան սկսեց պատմել, թե՝ «Նախքան ձեր մեր եկեղեցին գալը, ես սուրբ եկեղեցու վերնատանը աղոթում էի, հանկարծակի Գաբրիել հրեշտակապետի նկարված պատկերը, որ գտնվում է Ամենասրբուհի Աստվածածնի պատկերի հանդեպ, խոսեց ու ասաց. «Ուրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տերը քեզ հետ է»: «Օրհնված ես դու կանանց մեջ, և օրհնված է քո արգանդի պտուղը»: Բոլոր սրբերի նկարված պատկերները սկսեցին նույնը խոսել մինչև մեծ ժամը՝ «Ուրախ եղիր, ով դու բերկրյալդ, Տերը քեզ հետ է»: 

Ես զարմացած փառք տվի Աստծուն և քննելով տոմարական հաշիվներով գտա, որ այդ օրը արեգ ամսի երեսունն էր և ապրիլ ամսի յոթը, Նիսանի տասնհինգը: Այս տեսիլքը և հրաշքի երևալը հաստատում են հայոց տոնի ճշմարտացիությունը, որ ասում ենք Սուրբ Կույսի ավետյաց օրը արեգի երեսունին, ապրիլի յոթին, Նիսանի տասնհինգին է և ոչ թե, ինչպես հակառակվում են մյուս ազգերը, մանավանդ հույները՝ ասելով անխոհեմաբար, թե մարտի քսանհինգին է»:

Այս պատմեց ճշմարտախոհ այն մարդը ի հաստատումն մեր ուղղափառ հավատի:

Սրա նման մի ուրիշ բան էլ պատմեց այն սուրբ մարդ Հովհաննեսը: «Ես, ասում է, Հորդանան գետի կողմերն էի. աղոթում էի Տիրոջ և սուրբ Հովհաննես Կարապետի մկրտության տեղում: Ինձ մոտ կրոնով մահմեդական երեք մարդիկ եկան և խնդրեցին, որ իրենց մկրտեմ: Ես հապաղում, թողնում էի ուրիշ օրվա և կամ մտածում էի՝ թող ուրիշներից մկրտություն ստանան, որովհետև տեսնում էի, որ նրանք վայրենաբարո մարդիկ են և կարծում էի ձևանում են»:

Նրանցից տարեցը ինձ պատմեց և ասաց. «Մենք պարսից քաղաք Զանգիանից ենք, կրոնով մուղրի ենք: Շինեցինք մեծ ու գեղեցիկ մի աշտարակ և պատրաստեցինք բացման տոնահանդեսի համար ինչ անհրաժեշտ է: Ես ըստ արաբական կրոնի բարձրացա գմբեթի ծայրը անարժան ազանը տալու: Եվ ահա տեսա արևելքի կողմից երկինքը պատռված և վայրը անչափ լույսով լիքը: Մի զարմանալի ու ահեղ Թագավոր նստած փառքի աթոռին, իսկ Նրա շուրջը լուսեղենների բազմություն էր, որոնք Նրան օրհնում էին անպատմելի ձայնով: Նրան երկրպագելու էին գալիս բոլոր քրիստոնյա ազգերը՝ յուրաքանչյուրը իր կրոնի առաջնորդներով, որոնք զարդարված էին երևելի փառքով: Եվ երբ երկրպագում էին Նրան, Նա ընդունում էր նրանց ողջույնը: Ի վերջո եկավ մի այլ ազգ, որ փառքով շատ ավելի առավել էր, քան նախորդները, իսկ սրա առաջնորդները չափազանց զարմանալի էին: Երբ եկան, Թագավորին երկրպագեցին, Նա աթոռից վեր կացավ նրանց ընդառաջ ու համբուրեց նրանց իրենց առաջնորդներով և մյուս ազգերից ավելի մեծարեց:

Եվ մինչդեռ ես հիացած կանգնած էի զարմացումով ու ապշանքով, վերև, ինձ մոտ, եկավ իմ այս ավագ որդին և ասաց. «Ինչո՜ւ ուշացար, ամբողջ ժողովուրդը քեզ է սպասում»: Սա նույնպես նայեց արևելք ու նույն տեսիլքը տեսավ և հիմարացած կանգնեց: Ապա երբ չափազանց ուշացանք, ամբոխը մեր ուշանալու վրա նեղսրտեց: Բարձրացավ եկավ իմ այս կրտսեր որդին և մեզ մեղադրում էր մեր ուշանալու համար: Բայց որովհետև սրա գալու ժամանակ տեսիլքը չքացել էր, սրան պատմեցինք ուշանալու պատճառը և տեսիլքի հանգամանքները: Եվ իսկույն կամեցանք այն բարձունքից Քրիստոսին ճշմարիտ Աստված, իսկ մեզ քրիստոնյաներ հայտարարել: Սա մեզ արգելեց և ասաց. «Եթե այդպես է, խելքով գործ բռնենք. եթե հիմա մենք Քրիստոսին քարոզենք, իսկույն տաճկաց այս ամբոխը մեզ կսպանի, և պատրվակ կբռնեն, թե ինչ-որ հանցանքի համար սպանեցինք, իսկ մեր մասին ո՜վ է իմանում: Այլ գնանք, մեր պատրաստած ճաշերը տանք նրանց, իսկ մենք գնանք Երուսաղեմ սուրբ քաղաքը և այնտեղ լինենք կատարյալ քրիստոնյաներ ավազանի մկրտության միջոցով, մանավանդ այն քրիստոնյաների ձեռքով, որոնց մասին դուք ասում եք, թե նրանց մեծ ցնծությամբ ընդունեց Թագավորը, և ձեզ տեսիլքում նշան արվեց, թե այն հայոց ազգն էր, որ վիճակ ընկավ Թադեոսին, Բարդուղիմեոսին և սուրբ Գրիգորին»:

Մենք անսալով սրա խոսքերին, իջանք նրանց մոտ՝ ոչ մեկին ոչինչ չպատմելով: Թողեցինք մեր ամբողջ շարժական ու անշարժ գույքերը, եկանք Երուսաղեմ և Աստծուն աղաչեցինք, որպեսզի մենք հանդիպենք այն ազգին, որ տեսիլքում փառավոր էր: Եվ Աստված քեզ ցույց տվեց մեզ, և նույն նշանը տեսանք քեզ վրա: Այժմ աղաչում ենք քեզ, տուր մեզ Քրիստոսի մկրտությունը և մեզ դարձրու քո Աստծուն կատարյալ ծառաներ»:

Ես տեսա նրանց հոժարությունը, և թե մանավանդ Տիրոջից է իմ կոչումը, նրանց մկրտեցի Հորդանան սուրբ գետում հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, և նրանց հաղորդեցի Աստվածորդու պատվական Մարմնով ու Արյունով: Մեզ ողջունեցին, քաղաքից դուրս եկան գնալու մեծ Հռոմ տեսնելու սուրբ առաքյալներ Պետրոսի ու Պողոսի գերեզմանները ի փառս Քրիստոսի»:

Նաև այս էր ասում նույն սքանչելի Հովհաննեսը, թե «Ազգով հայ քառասուն տղամարդ, գնացին Սինա անապատը, այն լեռը, ուր Աստված երևաց Մովսեսին և տվեց քարե տախտակները, որոնց վրա գրված էին տասը պատգամները, երկրպագելու Աստծուն և տեսնելու սուրբ վայրերը:

Լեռան ստորոտում մի վանք կար. ազգով հոռոմ, վարքով խստակրոն մարդիկ, այնտեղ օթևանեցին: Եվ մինչ հայերը կամենում էին լեռը բարձրանալ, վանքի բնակիչները պատվիրեցին նրանց և ասացին. «Գիշերը այնտեղ մի քնեք, որովհետև ովքեր այնտեղ գիշերում են, ահավոր արհավիրքներ են տեսնում, այլև շատ մարդիկ կորստի են մատնվել»:

Իսկ նրանք համարձակորեն բարձրացան՝ առանց որևէ ուտելիք իրենց հետ վերցնելու: Այնտեղ մի քանի օր ուշացան: Վանքի բնակիչները զարմացել էին, թե ինչ եղան, որովհետև իջնելու ուրիշ ճամփա չկար, համարում էին, թե արհավիրքից ոչնչացան:

Իսկ նրանք իրենց ուխտը կատարելուց հետո լեռնից իջան փառավորված ու հրաշալի կերպարանքով: Այժմ նրանք քառասուներկու հոգի էին: Վանքի բնակիչները զարմացած ջահերով ու լապտերներով ընդառաջ ելան նրանց ու մեծ հարգանքով տարան տեղավորեցին: Զարմանում էին, որովհետև երբ բարձրանում էին լեռը, քառասուն էին, իսկ երբ իջան, քառասուներկու են. միաժամանակ գիտեին, որ բացի նրանցից դեպի վեր ոչ ոք չի գնացել: Երբ սեղան գցեցին ճաշելու, երկու այն փառավոր տղամարդիկ, որոնք ավելացել էին քառասունի վրա, վեր կացան նրանց սպասավորելու սեղանի շուրջը և թույլ չէին տալիս վանքի մարդկանց՝ ծառայելու նրանց, այլ ասում էին. «Մենք սովորություն ունենք մեր եղբայրներին ինքներս սպասարկելու»:

Եվ երբ կերան ինչ որ անհրաժեշտ էր, նրանց ողջունեցին ու աներևույթ եղան. դրանք էին Մովսեսն ու Եղիան: Վանքի բնակիչները մեծ ահով բռնվեցին. նրանց պատվում էին իբրև հրեշտակների, ու մեծ պատվով ճամփու դրին»:

Սրբասեր Հովհաննեսը իր համեստության պատճառով այս բանը պատմում էր ուրիշների անունից, որպեսզի չիմանան, թե ինքն էլ նրանց հետ էր:

Սրանից հետո նա շրջեց բազմաթիվ գավառներ ու քաղաքներ, հասավ Կողոնիա քաղաքը: Թուրքերից ու արաբներից շատերը գալիս էին նրա մոտ ու մկրտվում էին նրա սքանչելի վարքի ու բժշկության համար, որ նա անում էր:

Ապա պարսիկները նախանձեցին նրան, և Կողոնիա քաղաքի իշխանը բռնեց նրան ու մի քահանայի, չոր փայտ կուտակեց, նրանց դրեց մեջը, կրակ տվեց: Նրա հետ եղած քահանան լաց էր լինում, իսկ նա քաջալերում էր նրան ու ասում «Մի՜ վախենա, Աստված կարող է մեզ ազատել այս կրակից, ինչպես երեք մանուկներին»:

Եվ մինչդեռ բոցը բորբոքվում էր, իշխանի երեխան բերդի պարսպից ընկավ ու անվնաս վեր կացավ: Եվ երբ հարցրին, թե՝ ինպե՜ս կենդանի մնացիր, նա պատասխանեց, թե՝ այն մարդը, որին գցեցիք կրակը, ինձ իր ձեռքերով պահեց և չթողեց, որ գետին ընկնեմ: Իշխանը անմիջապես մարդ ուղարկեց և հրամայեց կրակից նրանց հանել ու թույլ տալ ուր ուզում են, գնան:

Նա շրջեց բազմաթիվ գավառներ, գնաց Հռոմկլա հայոց մեծ կաթողիկոս տեր Կոստանդինի մոտ: Նա ուրախությամբ մեծ պատվովընդունեց նրան և թույլ չտվեց որևէ տեղ գնալու: Այնտեղ մնաց, մինչև փոխադրվեց Քրիստոսի մոտ և թաղվեց այնտեղ: Իր կյանքը ավարտեց ու հավատը պահեց, հասավ անթառամ պսակին ու անվախճան կյանքի: Նրա աղոթքը թող մեզ սատար լինի և մեղքերի թողոթյուն տա, իսկ նրա հիշատակը բոլոր սրբերի հիշատակի հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար լինի, Ում փառք հավիտյան: Ամեն

Արտագրեցի՝ Տեսիլքներ Եվ Մարգարեություններ Ի Հայս Գրքից
Մաքսիմ Ոսկանյան
Երևան 2017

Հետևեք մեզ նաև Telegram-ում